Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա համերգային ծրագրով, որին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա փետրվարի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schütz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Մինչ ճանաչված դիրիժորը կժամանի Հայաստան՝ երաժշտախմբերի փորձերն ընթանում են դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Երկու ժամ տևողությամբ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գանձերից է: Այն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է:
Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, և երկար տարիներ չի կատարվել: Այս անգամ այն կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել: Հատկանշական է, սակայն, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ և սա բացառիկ դեպք է: Theodor Schütz Ensemble-ը, ուսումնասիրելով Կամերային նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունները, իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում: Համույթն առաջին անգամ է ժամանելու մեր երկիր հենց այս համերգի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում