Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻմ նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառը աղբյուրի չբացահայտման հետևանք է. այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

«Իրավական առումով աբսուրդային գործ է, որովհետև որևէ ցուցմունք չկա, բայց իրենք այդ ցուցումների հիման վրա են արել, այնտեղ իրավական այնպիսի ծիծաղելի վիճակ է, որ գործին ծանոթացած փաստաբաններն ասում են՝ հետագայի մասին ինչ վատ պատկերացումներով են այս մարդիկ այս գործն արել: Քաղաքական բովանդակությունը բավականին առատ է»,- ասաց նա:

Սամսոնյանն ընդգծեց, որ antifake.am-ը մեկ տարի չկա, որ գործում է. «Բայց այս ընթացքում հասցրել ենք մեծ բացահայտումներ անել, սկսած Աննա Հակոբյանի տասնյակ հազար դոլարներով վարսահարդար ունենալու թեմայից, շարունակած «Բոգարտից» կահույք գնելով, կառավարական առանձնատան վերանորոգումով, մեքենաների գնումով: Մեր հիմնական թիրախում եղել է կառավարության այն գործողությունները, որոնք իրենց համար ցավոտ է եղել: Իրենք ցավոտ են տանում այդ վերաբերմունքը»,- նշեց նա:

Սամսոնյանի խոսքով՝ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականը իրենք գիտեին մեկ օր առաջ, հայտարարել էին, որ Հովհաննես Մովսիսյանն է հաջորդ հրաժարական տվողը: «Նա հրաժարական չտվեց զուտ նրա համար, որ մենք դա ասել էինք: Հետո եկավ «իկրայի» պատմությունը, որը հարյուր տոկոսանոց ճիշտ է, իրենց համար վերջնական հասավ այն տեղին, որ իրենք հետդարձի ճանապարհ չունեն, և այդ գործը ստեղծվեց»,- շեշտեց նա:

«Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ հերյուրանքներ,ատելության խոսք և զրպարտություն է տարածում, բայց մնացածին, որոնք իրենց հաճելի չեն, իրենք այդ 8-րդ ալիքներով, ֆեյքերի ՊՈԱԿ-ի տասնյակ հազարավոր ֆեյքերով փորձում են ճնշել»,- նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում