Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի առողջապահության նախարարությունը երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցել, վարակվածներից երկուսը մահացել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:
«Այսօրվա ստուգումների արդյունքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նոր վարակվածներից երկուսը, ցավոք, մահացել են»,-հայտարարել է Ջահանփուրը:
Այսպիսով` վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի:
Նրա խոսքով` նոր հիվանդների մեծ մասը կամ Ղոմ քաղաքի բնակիչներ են (շիա մահմեդականների ուխտագնացության քաղաքներից մեկը, ուր այցելում են նաև այլ երկրներից), կամ վերջին շրջանում գտնվել են այդ քաղաքում: Այսպիսով` վարակման 13 դեպքերից 7-ը գրանցվել են Ղոմում: Վիրուսը հասել է նաև մայրաքաղաք. Թեհրանում գրանցվել է 4 դեպք, երկուսն էլ` Գիլյան նահանգում:
Ավելի վաղ Ղոմի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Մոհամադ Ռեզա Ղադիրը գործակալությանը տեղեկացրել էր, որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրահեղ չէ և անհանգստության կարիք չկա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացի է մահացել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում