«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է: Աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել:

Tert.am-ի հետ զրույցում ԲԿ-ի բուժքույրերից Ժենյա Մկրտչյանը պատմեց, որ անհիմն կերպով մեծաթիվ մարդկանց փորձում են ազատել աշխատանքից, ասում են՝ եկեք, դիմում գրեք, կամ էլ այնպես կգրենք, որ ուրիշ տեղ աշխատանքի չեք ընդունվի, սպառնում են:

«Ինչ-որ մեկը հարձակվեց վրաս, ուզում էր հարվածել, հայհոյեց: Ի՞նչ իրավունքով են ինձ ասում, դու պետք է դիմում գրես, գնաս: Միայն ինձ չէ, տարբեր բաժիններից մարդկանց ստիպում են, որ գրեն ազատման դիմումներ, 8 հոգու վերակենդանացման բաժանմուքից են ազատել: Ամեն բաժիններից էլ ազատում են՝ բերելով իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում, մեկը մյուսի տալի աղջկան է բերում՝ ազատելով մնացածին»:

Նա նշեց նաև, որ իր աշխատավարձը իջեցրել են: «Ինչո՞ւ է իջել իմ աշխատավարձը, առանց բացատրության, իսկ ինչո՞ւ է իրենց բերած մարդկանց աշխատավարձն այդքան բարձր, ինչո՞ւ ես տոն օրերին պարգևավճար չստացա, 13-րդ աշխատավարձ չստացա, բայց ներքին կարգով հաշվապահությունը ցույց տվեց, որ ոմանք միլիոններ են ստացել»,- նշեց նա:

Հարցին՝ որևէ պատճառաբանություն չե՞ն բերում, թե ինչու են աշխատանքից ստիպում ազատման դիմում գրել, նա ասաց. «Ոչ մի բան չեն ասում, էդպես են ուզում, էդպես են անում: Ասում են՝ գնացեք, բողոքեք, ինչ ուզում եք, արեք: Իմ ձայնը բարձրացնելու վրա անվտանգությունն այստեղ էր, ներքևից կապ են տալիս, թե տեսեք իրեն, եթե շատ ագրեսիվ է պահում, հանեք դուրս: Տնօրենն էլ, իմանալով՝ բունտ է լինելու, արձակուրդ է մեկնել:

Ժենյա Մկրտչյանը նշեց, որ նոր տնօրեն Արման Հովակիմյանը երկու տարի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում, սակայն բավականին շատ ազատումներ է արել: «Հանում է բաժնի վարիչներին, իր մարդկանց է բերում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում