Կբարձրանա հողամասերի օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը նպատակային օգտագործել և տնամերձ հողամասով ապահովել երիտասարդ ընտանիքներին։ Հաջորդ երկու որոշմամբ փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը’ գործադիրը հստակեցրել է անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ նախապատվություն տալու, ինչպես նաև համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը։

Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե’ որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը’ այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Այսպիսով, արդարացի կբաշխվեն Սևանի ազգային պարկի և համայնքների մասհանումները։

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ’ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ’ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը’ «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում