Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.am: Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ: Երբ մենք խոսում ենք այդ կարգի հարցերի մասին, նման գնահատակնները շատ դեպքում ոչ միայն տեղին չեն, այլև վտանգավոր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, թե հետևում է՝ ինչպիսի կարծիքներ և տեսակետներ են հնչեցվում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ:
«Մենք այն ժամանակ, Ապրիլյան պատերազմից հետո և մշտապես տալու ենք մեր գնահատականները: Ես ասել եմ, որ հակառակորդը ծավալել էր լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, և մեր հավաքական ներուժն օգտագործվեց հերթական անգամ, որի արդյունքում մենք արժանի հակահարված հասցրինք այդ գործողությունների մասնակիցներին: Եթե հիշում եք, այն ժամանակ ես ասել եմ, որ իմ առաջին կարգադրությունը եղել է ոչ միայն դիմակայել այդ զարգացումներն իրականացնողներին, այլև կասեցնել նրանց գործողությունները և ոչնչացնել նրանց կենդանի միջոցները և ուժերը: Այդպես էլ կատարվել է: Բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ հանձնարարականը, արժանի են առաջին հերթին փառքի»,-ասաց Սահակյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանն աշխատել են իր ղեկավարության օրոք, և հարցին՝ ինչպե՞ս է գնահատում՝ նրանցից որևէ մեկը, ընտրվելու դեպքում, նախագահի պաշտոնում կկարողանա՞ հավուր պատշաճի գործունեություն ծավալել, ԱՀ նախագահն արձագանքեց՝ քանի որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ավելի ճիշտ կլինի հատուկ գնահատականներ չտալ այդ մարդկանց: «Մենք առիթ ունենալու ենք ընտրություններից հետո անդրադառնալ այդ հարցերին և տալ համապատասխան ու անհրաժեշտ գնահատականներ»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արայիկ Հարութունյանի ընտրվելու դեպքում Սահակյանը դառնալու է Անվտանգության խորհրդի քարտուղար, և հարցին՝ նման քննարկում եղե՞լ է, և ինքը մտադի՞ր է մնալ քաղաքանության մեջ, պետական ապարատում, Սահակյանը պատասխանեց, թե այդպիսի քննարկումներ չեն ունեցել:
«Պաշտոնաթող նախագահը կոչված է նաև անտարբեր չլինել երկրի ներսում տեղի ունեցող այս կամ այն զարգացումներին, և, բնականաբար, ես փորձելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքն:
Մենք որևէ կոնկրետ քննարկում չենք ունեցել, և ճիշտ չէր լինի այդպիսի քննարկումներ ծավալելը: Ես այդպսիսի նպատակներ, այդպիսի հաշվարկներ չեմ ունեցել»,-ասաց Սահակյանը:
Հարցին՝ ի՞նչ է պետք անել, որ ընտրություններից հետո ամեն ինչ խաղաղ անցնի, ԱՀ նախագահը նշեց, որ հավանական լարված զարգացումների դեպքում կան բոլոր հնարավորությունները՝ զսպելու հնարավոր ոչ խաղաղ հետևանքները: «Բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն ոտնձգութուն կատարել մեր պետականության դեմ, բոլորն նրանց դեմ, ովքեր կփորձեն արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, ունենք օրենքով սահմանված բոլոր միջոցները, որոնք կգործադրվեն: Բայց և համոզված եմ, որ այդպիսի զարգացումներ չենք ունենա»,-ասաց նա:
Այն հարցին էլ, թե ի՞նչ կասի այն մեծ բանակին, որը սատարել է իրեն, Սահակյանը նշեց. «Դա մեծ բանակ է, ինչպես դուք եք ասում, և տեղին է ասել, որ մենք խոսում ենք ժողովրդի մասին:
Այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, բնականաբար, հավաքական ներուժի գործադրմամբ է կատարվել, և մի շարք ուղղութուններում ակնառու են այդ գործողությունները: Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այդ հաջողություններն արձանագրելու համար: Իհարկե կան բացեր, չլուծված խնդիրներ, բայց ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և տարբեր լուծումներ կտա այս պահին չլուծված հարցերին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում