Աշոտ Ղուլյանը ռուս պատգամավորի հետ քննարկել է ԼՂ հարցը
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլեգ Պախոլկովին և նրան ուղեկցող անձանց՝ «Ռուսմեդիագրուպպ» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Սամվել Նալբանդյանին և քաղաքագետ, ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական Սենիկ Ավանեսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այցի առթիվ։ «Հուսամ այստեղ ձեր հանդիպումների ու շփումների ընթացքում դուք բավականին օգտակար տեղեկատվություն կքաղեք մեր ժողովրդի կյանքի մասին»,- ասել է նա։
Նշելով, որ ժամանել է մասնավոր այցով՝ ընկերների հրավերով, Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով, Օլեգ Պախոլկովը հայտնեց, որ դա իր երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ։ «Առաջին անգամ այցելել եմ հինգ տարի առաջ՝ Մարտակերտի ազատագրման 15-րդ տարեդարձի ժամանակ և, պետք է խոստովանեմ, ինձ դուր է եկել այստեղ՝ բնությունը, մարդիկ, ընդ որում՝ այս անգամ զգալի դրական տեղաշարժերի եմ ականատես»- ասել է ռուս պատգամավորը։
Զրույցի հիմնական թեման ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարներն էին։ Այդ համատեքստում ռուսաստանցի խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և անիմաստ ու անհեռանկար է խնդրի ռազմական լուծմանն ուղղված ցանկացած քայլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում