Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության անդամ
Նմանատիպ
Խորվաթիան հուլիսի 1-ին՝ տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին պաշտոնապես դարձել է Եվրամիության 28-րդ անդամը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Խորվաթերենը դարձել է Եվրամիության 24-րդ պաշտոնական լեզուն:
Խորվաթիայի բնակիչները ԵՄ-ին անդամագրվելը տոնում են ամբողջ երկրում: Գլխավոր տոնական միջոցառումները տեղի են ունեցել Զագրեբի կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ: Նրանց ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Հուլիսի 1-ից Խորվաթիայի ներկայացուցիչները պաշտոնապես կսկսեն աշխատել ԵՄ-ի մարմիններում: Այսպես, Խորվաթիայի նախկին փոխվարչապետ Նեւեն Միմիցան կդառնա սպառողների իրավունքների պաշտպանության կոմիսար: Եվրախորհրդարանում Խորվաթիան ստացել է 12 տեղ (766-ից): Նաեւ հուլիսի 1-ից Զագրեբում ԵՄ-ի պատվիրակությանը կփոխարինի Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունը:
Եվրամիությանը անդամակցելու մասին պայմանագիրը Խորվաթիան ստորագրել էր 2011 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարին անցկացված հանրաքվեի ընթացքում երկրի բնակիչների մեծամասնությունը հանդես է եկել ինտեգրացման օգտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում