Ստամբուլահայերն այցելել են Մալաթիայի հայկական Վենք եկեղեցի
Նմանատիպ
Ստամբուլի հայկական համայնքի շուրջ 150 անդամներ այցելել են Մալաթիայի Վենք (Վանք) գյուղի հայկական Վենք եկեղեցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ստամբուլահայերի այցը Մալաթիա կազմակերպվել է «Մ ալաթիայի հայրենասերների հայկական ընկերության» ղեկավար Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուի կողմից: «Մեծ բավականություն ստացանք: Մենք սիրում ենք մեկս մյուսիս, մեկս մյուսիս բարեկամն ենք: Մենք’ մալաթիացիներս, ցույց ենք տալիս, թե ինչպես կարող ենք տեր կանգնել ազգությամբ հայ քաղաքացիների արժեքներին»,- ասել է Քյոլեդավիթօղլուն’ իր գոհունակությունը հայտնելով եկեղեցում ընթացող վերանորոգման աշխատանքների կապակցությամբ: Նա ընդգծել է եկեղեցու մեծ նշանակությունը Մալաթիայի հայերի համար’ պատմելով, թե որքան կրոնական արարողություններ, կնունքներ են այն տեղ արվում:
Ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները վերանորոգման մեջ գտնվող եկեղեցում աղոթելուց և մոմ վառելուց հետո միայն հեռացել են այնտեղից:
Մալաթիայի նահանգապետարանը 2012 թվականից սկսել է հայկական երկու եկեղեցիների’ Չավուշօղլու թաղամասի Թաշհորոն և Վենք գյուղի Վենք եկեղեցիների վերանորոգման գործընթացը: Վերանորոգման համար անհրաժեշտ գումարը հատկացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում