Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 30-ին ՀՀ Արտաշատ քաղաքից Արցախ ժամանած քաղաքացու մոտ։
«Ցավոք, ունենք արձանագրված կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը։ Խոսքը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մասին է՝ 1957 թվականին ծնված, ով մարտի 30-ին Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՀ-ից՝ Արտաշատի շրջանից»,– լրագրողներին ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց՝ քաղաքացին առողջապահության նախարարության կողմից մեկուսացվել է ապրիլի 2-ին, Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում և պահվել հսկողության տակ այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել ՀՀ Արարատի մարզում ապրող նրա ընտանիքի անդամների շրջանում վարակի հավանականության մասին։
«Հաշվի առնելով, որ քաղաքացին ապրում է փոքր գյուղում, ռիսկերի նվազեցման նկատառումներից ելնելով՝ որոշում ենք կայացրել գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ, որպեսզի ավելի վստահ լինենք, որ կկարողանանք դրանով սահմանափակել վարակի աղբյուրը», – ասաց Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ գյուղի բոլոր բնակիչներին կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով:
Նա նշեց, որ վարակված քաղաքացու հետ շփված անձանց շրջանակն այս պահին հստակեցվում է։
Մարտիրոսյանի խոսքով՝ վարակված անձն ուղարկվել է Երևան՝ բուժում ստանալու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում