Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ուղերձ է հղել

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Qahana.amԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով․

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուրհինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջում:

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նախնյաց հանդեպ ունեցած սիրո և երախտիքի վկայագի՛րն է, հայի ոգու ամրության և բյուր հաղթանակների հավաստագիրը: Ցեղասպանության ժամանակ նահատակվեցինք, իսկ Արցախյան պատերազմով հառնեցինք…Այսպիսին է մեր ընթացքը:

Ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության հիշատակը, հայցում ենք սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն:

Նավասարդ Արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում