Վատիկանի բանկի ղեկավարները պաշտոնաթող են եղել
Նմանատիպ
Վատիկանի Կրոնական գործերի ինստիտուտի տնօրեն Պաոլո Չիպրիանին եւ նրա տեղակալը՝ Մասիմո Տուլին, պաշտոնաթող են եղել այն սկանդալի ֆոնի վրա, որը կապված է Վատիկանի ֆինանսական վարչության բարձրաստիճան աշխատակցի ձերբակալման հետ, ով մեղադրվել է փողերի լվացման եւ հափշտակումների մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Կրոնական գործերի ինստիտուտը ոչ պաշտոնապես անվանում են Վատիկանի բանկ:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ Չիպրիանին եւ Տուլին դա արել են «ի շահ հիմնարկի եւ Սուրբ աթոռի»:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել բանկի նախագահ Էռնստ ֆոն Ֆրեյդերգը:
Երեք օր առաջ ձերբակալվել էր Իտալիայի Սալեռնո քաղաքի եպիսկոպոս Նունցիո Սկարանոն, որը հետաքննության մեջ էր Կրոնական գործերի ինստիտուտի միջոցով իրականացված մի շարք կասկածահարույց գործառնությունների կապակցությամբ:
Մոնսենյոր Սկարանոն, որը 61 տարեկան է, երկար տարիներ ծառայում էր որպես Սուրբ աթոռի եկեղեցական ունեցվածքի վարչակազմի՝ Վատիկանի բանկի բաժանմունքի ավագ հաշվապահ:
Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է եւս երկու մարդ՝ Իտալիայի հատուկ ծառայությունների մի գործակալ եւ մի բրոքեր: Նրանք մեղադրվում են անօրինական ճանապարհով Իտալիա 20 մլն եվրո ներկրելու փորձի մեջ:
Ձերբակալություններից օրեր առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր Վատիկանի բանկի գործունեության հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես նշվում է, հանձնաժողովը պետք է համոզվի, որ բանկի աշխատանքը համապատասխանում է եկեղեցու առաքելությանը:
Վատիկանի բանկն ունի 114 աշխատակից, նրա ավուարները գնահատվում են 7,1 մլրդ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում