Իրաքում շիաների մզկիթում իրականացված պայթյունը 22 մարդու կյանք է խլել
Նմանատիպ
Իրաքի արեւելյան շրջանում շիաների մզկիթում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունը 22 մարդու կյանք է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի լույս 2-ի գիշերը հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը հուլիսի 1-ի երեկոյան տեղի է ունեցել Մուքթադիա քաղաքում, որը գտնվում է Բաղդադից 80 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Agence France-Presse-ի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի ավելի վաղ իրաքյան մեկ այլ քաղաքի՝ Բաակուբայի սրճարաններից մեկի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվել է ինը մարդ:
Իրաքում լարվածության աճը պայմանավորված է իսլամական խոշորագույն համայնքների՝ սուննիների ու շիաների դիմակայությամբ: Սադամ Հուսեյնի իշխանության օրոք սուննիները առաջատար դիրքեր էին գրավում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի զինված ներխուժումից եւ Հուսեյնի տապալումից հետո շիաները դուրս մղեցին սուննիներին: Նրանք զբաղեցրին մի շարք կարեւոր պետական պաշտոններ, որոնցից առավել ազդեցիկը վարչապետի պաշտոնն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում