Եգիպտոսի նախագահին մեկուսացրել են
Նմանատիպ
Մուհամեդ Մուրսին, որը Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից հեռացվել է հանրապետության նախագահի պաշտոնից, մեկուսացվել է իր շրջապատից եւ տեղափոխվել երկրի պաշտպանության նախարարության շենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրսին եւ նրա զինակիցները տեղափոխվել են ռազմական հետախուզության կենտրոնակայան:
«Մուրսին իր օգնականներից անջատ տեղափոխվել է պաշտպանության նախարարություն»,- հայտնել է «Մուսուլման եղբայրների» բարձրաստիճան ներկայացուցիչ Ջիհադ էլ Հադադը: Նրա հայրը՝ պաշտոնանկ արված նախագահի խորհրդական Էսամ էլ Հադադը, Մուրսիի հետ միասին տեղափոխվել էր Անվտանգության ծառայության շենք:
Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ է արել իսլամիստ նախագահ Մուրսիին, ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործողությունը, ինչպես նաեւ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարին հանձնարարել անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները: Պաշտոնանկ արված նախագահը զինվորականների որոշմանը չի համաձայնել եւ կոչ է արել իր կողմնակիցներին թույլ չտալ «օրինականության խախտում»:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչների ձերբակալման գործողություն են սկսել: Հաղորդվում է, որ նախապատրաստվում է շարժման առնվազն երեք հարյուր ներկայացուցիչների ձերբակալումը: Արդեն կալանավորված են «Մուսուլման եղբայրների» գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիան, նրա տեղակալ Ռաշադ ալ Բայումին եւ շարժման հիմքի վրա ստեղծված Ազատության եւ արդարության կուսակցության ղեկավար Սաադ ալ Կատատնին:
Եգիպտոսի առողջապահության նախարար Մուհամեդ Մուստաֆա Համեդը հուլիսի 4-ին հայտնել է, որ երկրի 17 նահանգներում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է ութ, վիրավորվել՝ 343 մարդ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «116 տուժածներ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում, իսկ մնացածները բուժհիմնարկներից դուրս են գրվել իրենց վիճակի լավացումից հետո»:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 4-ին հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից:
Գրավոր հայտարարության մեջ Օբաման հույս է հայտնել, որ Եգիպտոսին հնարավորինս շուտ կհաջողվի վերադառնալ կառավարման քաղաքացիական ձեւի:
Օբաման նաեւ խնդրել է Եգիպտոսի բանակին խուսափել Մուրսիի ու նրա կողմնակիցների ձերբակալություններից եւ հարգել մարդու իրավունքները: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ երկրի համապատասխան հատուկ ծառայություններին հանձնարարել է գնահատել Մուրսիի պաշտոնանկության հետեւանքները եւ դրա հնարավոր ազդեցությունը ԱՄՆ-ի քաղաքականության վրա:
Al-Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրին շնորհավորել է հանրապետության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իր ուղերձում միապետը նաեւ «ողջամտություն եւ շրջահայացություն» է մաղթել քաղաքական գործընթացի բոլոր կողմերին:
Իր հերթին Արաբական Միացյալ Ամիրայությունները գոհունակություն է հայտնել Եգիպտոսում իրադրության զարգացման կապակցությամբ: Երկրի արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալա բեն Զաեդ ալ Նահայանը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսի ժողովուրդը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները եւ «ապագայում հասնել անվտանգության եւ բարգավաճման»: Նա նաեւ դրական է գնահատել բանակի գործողությունները, որը «ամուր վահան» է դարձել իր ժողովրդի համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, «Աս Սաուրա» սիրիական թերթի լրագրողների հետ զրուցելիս Եգիպտոսի իր պաշտոնակցի իշխանազրկումը գնահատել է որպես «քաղաքական իսլամի գաղափարի կործանում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Եգիպտոսի քաղաքական գործընթացներին բանակի միջամտության կապակցությամբ:
«Ցանկացած երկրի իրադարձություններին զինվորականների միջամտությունը մտահոգություն է հարուցում»,- ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ «խիստ անհրաժեշտ է արագորեն վերականգնել քաղաքացիական իշխանությունը ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում