Թուրքիայում ցանկանում են վերանվանել Աթաթուրքի որդեգիր հայազգի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Ալթան Թանը բարձրացրել է Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը կրող Ստամբուլի միջազգային օդանավակայանը վերանվանելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը: Քուրդ պատգամավորը հատուկ օրինագիծ է ներկայացրել թուրքական մեջլիս, որով առաջարկ է արել Ստամբուլի օդանավակայանն անվանել Հաջը Բեքթաշի Վելիի անունով:
Սաբիհա Գյոքչենի անունը կրող օդանավակայանը վերանվանելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս 1937-1938 թվականներին մասնակցել է Դերսիմում թուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածին, որին տարբեր տվյալներով զոհ են գնացել 70-90 հազար մարդ’ քրդեր, հայեր, ալևիներ, ասորիներ: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և Դերսիմում պատսպարված հազարավոր հայեր այդ ժամանակ ենթարկվեցին կրկնակի ցեղասպանության:
Թուրքիայի ռազմական առաջին կին օդաչու, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը Հայոց ցեղասպանության ժամանակ փրկված որբերից էր: Նրա իսկական անունը Խաթուն Սեբիլջան է: Այս մասին առաջին անգամ բարձրաձայնել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը, ով հալածվել եւ թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին: Կան կարծիքներ, որ հայազգի խմբագրապետի սպանությունն իրագործվել է հենց այս բացահայտումն իրականացնելու պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում