«Չեմ բողոքում» մոնոներկայացման հասույթը կտրմադրվի փոքրիկ Մարիամի բուժմանը
Նմանատիպ
Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում հուլիսի 22-ին տեղի կունենա «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացում, որի հասույթը կուղղվի «Կռուզոնի» գանգադիմային դիզոստոզ հիվանդությամբ տառապող 6-ամյա Մարիամ Այվազյանի փրկությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառումը նախաձեռնող «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունից, երեխայի մոտ հիվանդությունը նկատվել է ծնվելուց անմիջապես հետո, ու բժիշկները հավաստիացրել են, թե ժամանակի ընթացքում այն կանցնի: Սակայն հետագայում պարզվել է, որ հիվանդությունն ավելի է խորանում և արտահայտվում է ներգանգային բարձր ճնշմամբ, ինչի հետևանքով աչքերը դառնում են խիստ արտահայտիչ և դուրս են գալիս ակնախոռոչներից: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Մոսկվայում, քանի որ Հայաստանում նման վիրահատություն չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը մեծ է, թե որքան՝ ծնողներն էլ հստակ չգիտեն, քանի որ նախ անհրաժեշտ է հետազոտություն անցնել, ինչից հետո միայն պարզ կդառնա վիրահատության արժեքը:
«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը շարունակելու է Մարիամին օգնելն ու պատրաստվում է այլ միջոցառումներ ձեռնարկել’ անհրաժեշտ գումարը հավաքելու համար’ կոչ անելով բոլորին միանալ իրենց ու անտարբեր չմնալ խնդիրներ ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ: Դարիո Ֆոյի եւ Ֆրանկե Ռամեյի «Ես սպասում եմ քեզ, սիրելի՛ս» պոեմի հիման վրա բեմադրված «Չեմ բողոքում» խորագրով ներկայացման մեջ հանդես է գալիս դերասանուհի Լիանա Վարդանյանը, ռեժիսորը Մարիամ Սա րյանն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում