Երբեք չկորցնե՛ք ձեր մարդկային դիմագիծը

Երբեք չկորցնե՛ք ձեր մարդկային դիմագիծը

Կյանքում լինում են պահեր, երբ թվում է՝ ամեն ինչ հակառակն է ընթանում, ու որքան շատ ես կենտրոնանում այդ հանգամանքի վրա, այնքան ավելի ես կորցնում առողջ դատելու կարողությունը:

Գուցե ցավալի է, բայց կյանքը ամեն վայրկյան կարող է մարտահրավեր նետել մեզ ու սպասել, թե մենք ինչպես կմոտենանք այդ փորձությանն ու ինչպես կհաղթահարենք այն:

Մարդ որքան հասունանում է, այնքան ավելի ճիշտ է գնահատում ստեղծված դժվարություններն ու դրանց հաղթահարելու տարբերակները: Ու դա շատ բնական է․ չէ՞ որ տարիքի հետ ավելանում է նաև կյանքի փորձը:

20 տարեկանում, երբ բախվում էինք որևէ խնդրի, առաջին բանը, որ տեղի էր ունենում մեզ հետ, դա խուճապն էր, անելանելիության վախը: Այո՛, հավանաբար հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև մենք նոր էինք մտնում կյանք, մեզ համար ամենապարզ հարցն անգամ կարող էր մեծ խնդիր թվալ:

Սակայն գալիս է մի տարիք, երբ կյանքը քեզ այնքան է կոփում, որ սկսում ես մինչև անգամ ժպիտով մոտենալ փորձություններին ու խնդիրներին:

Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը ունի փորձություններն հաղթահարելու իր բանաձևը: Մեկն իրեն հոգեբանորեն է զորացնում, մյուսը նման պահերին դիմում է ընկերներին կամ հարազատներին, մեկ ուրիշն էլ դիմում է Աստծուն և ապավինում նրա զորությանը:

Աստվածաշնչում ասվում է. «Բոլորն էլ հավասարապես փորձությունների են ենթարկվում: Բայց երանելի է այն մարդը, ով Քրիստոսի համար է չարչարվում» (Ա Պետ. 4: 14): Ի վերջո, ճշմարիտ քրիստոնյան փորձությունն աստվածապարգև օրհնություն պիտի համարի, ոչ թե Աստծո կողմից տված չարիք:

Հիշե՛ք, ոչինչ այս կյանքում հավերժ չէ: Եթե լավ ժամանակներ են, ապա վայելե՛ք, եթե ամեն ինչ վատ է, մի՛ անհանգստացեք, վաղ, թե ուշ դա էլ կանցնի: Մեզանից միայն պահանջվում է մարդ մնալ ցանկացած պարագայում, ու երբեք չլցվել չարությամբ:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում