Արցախի մշակութային յուրացման քաղաքական արդարացումը․ Բաքուն կրկին աղավաղում է պատմությունը
Կարդացեք նաև
Ադրբեջանի պաշտոնական ու քարոզչական ապարատը շարունակում է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և պատմական իրականության քաղաքականացման հետևողական քաղաքականությունը։
Միջազգային հարաբերությունների վերլուծության և մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևի հերթական հայտարարությունները, թե հայկական կողմը իբր «փորձում է հայկականացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը», տեղավորվում են Բաքվի պետական ռևիզիոնիզմի տրամաբանության մեջ։
Ադրբեջանական քարոզչամեքենան, փորձելով շրջանցել անտիկ շրջանի պատմաբանների վկայություններն ու միջազգային պատմագիտության կողմից ընդունված աներքելի փաստերը, «աղվանական» թեզի վերակենդանացմամբ լուծում է բացառապես քաղաքական խնդիր։ Արցախի տարածքում գտնվող հազարավոր քրիստոնեական կոթողները, դրանց վրա առկա հայերեն վիմագրերը, ճարտարապետական ոճն ու Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր վարչական պատկանելությունը հնարավոր չէ ջնջել քաղաքականացված հայտարարություններով։
Արցախում հայկական եկեղեցիների «ալբանացումը» ոչ թե պատմագիտական քննարկում է, այլ բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ձևափոխելու, յուրացնելու և ոչնչացնելու պետականորեն ուղղորդվող քաղաքականություն։ Բաքվի փորձերը՝ պատմության կեղծմամբ արդարացնելու մշակութային յուրացումը, որևէ աղերս չունեն պատմական իրականության հետ և նպատակ ունեն մոլորեցնելու միջազգային հանրությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում