Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ի 9 նախարարներ հրաժարական են տվել
Նմանատիպ
Եգիպտոսի կառավարությունում «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ինը նախարարներ հրաժարական են ներկայացրել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները նշել են, որ վարչապետ Հիշամա Կանդիլայի գրասենյակը կշարունակի իր գործունեությունը մինչ նոր կառավարության ձևավորումը:
Ադլի Մանսուրը, ով նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ մինչ ընտրությունները, մոտ ժամանակներում սահմանադրական դեկլարացիա կհրապարակի, որով կղեկավարվի երկիրը մինչ նոր Սահմանադրության ընդունումը:
Մանսուրը երկար ժամանակ աշխատել Է Եգիպտոսի Պետական խորհրդի (գերագույն վարչական դատարանի) վարչական ու խորհրդատվական պաշտոններում: Նա մասնակցել Է նախագահական ընտրություններում հսկողության մասին օրենքի նախագծի մշակմանը, որոնց արդյունքում իշխանության եկավ Մուհամեդ Մուրսին:
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմել Է 32:
Մուհամեդ Մուրսին, որը Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից հեռացվել է հանրապետության նախագահի պաշտոնից, մեկուսացվել է իր շրջապատից եւ տեղափոխվել երկրի պաշտպանության նախարարության շենք: «Մուրսին իր օգնականներից անջատ տեղափոխվել է պաշտպանության նախարարություն»,- հայտնել է «Մուսուլման եղբայրների» բարձրաստիճան ներկայացուցիչ Ջիհադ էլ Հադադը:
Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ է արել իսլամիստ նախագահ Մուրսիին, ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործողությունը, ինչպես նաեւ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարին հանձնարարել անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները: Պաշտոնանկ արված նախագահը զինվորականների որոշմանը չի համաձայնել եւ կոչ է արել իր կողմնակիցներին թույլ չտալ «օրինականության խախտում»:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչների ձերբակալման գործողություն են սկսել: Հաղորդվում է, որ նախապատրաստվում է շարժման առնվազն երեք հարյուր ներկայացուցիչների ձերբակալումը: Արդեն կալանավորված են «Մուսուլման եղբայրների» գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիան, նրա տեղակալ Ռաշադ ալ Բայումին եւ շարժման հիմքի վրա ստեղծված Ազատության եւ արդարության կուսակցության ղեկավար Սաադ ալ Կատատնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում