Հալեպում ռմբակոծություններից հայեր են վիրավորվել
Նմանատիպ
Սիրիայի Հալեպի քաղաքի մի շարք թաղամասեր՝ այդ թվում հայկական, հուլիսի 5-ին հրթիռակոծվել ու ռմբահարվել են: Դրա հետեւանքով մի քանի հայ է վիրավորվել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Վիրավորների հստակ թիվը, սակայն, դեռ հայտնի չէ:
Պատճառվել են նյութական վնասներ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի աղբյուրը Հալեպից: Հալեպը չորեքշաբթի օրվանից շրջափակված է, քաղաքի շրջակայքում բուռն մարտեր են ծավալվում: Ըստ մեր աղբյուրի’ քաղաքում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, նույնիսկ բանջարեղենն ու կանաչեղենը Հալեպ մտցնելու դժվարություն կա: Քաղաքն անկայուն վիճակում է, երկրորդ օրն է’ համացանցը չի աշխատում: Հալեպում կրակոցների ու ռմբահարումների ձայներն անընդհատ լսվում են (դրանք լսելի էին նաեւ հեռախոսազրույցի ժամանակ): Քաղաքում էլեկտրականության ընդհատումներ են լինում, սակայն ոչ ամբողջ օրվա ընթացքում: Հալեպի հայկական թաղամասերում մարտեր չեն ծավալվել:
Սիրիայում 2011-ի մարտից ընթացող կոնֆլիկտը ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում