Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինի անվան հրապարակում հուլիսի 1-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության ու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման»: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ցուցարարներին հավաքվելու կոչ էր արել «Ո՛չ» շարժման համակարգող Անդրեյ Պիվովարովը:
Ակցիային մասնակցելու մտադրության մասին տեղեկացրել էր նաև մոսկովյան Խամովնիկի շրջանի շրջանային պատգամավոր Իլյա Ազարը:
Հրապարակում հերթապահել են ոստիկանները, նրանք չեն խոչընդոտել ցուցարարներին, որոնց թիվը, ըստ տարբեր լրատվամիջոցների, մի քանի հարյուր է եղել:
Նույն պահանջներով բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում: Բնակիչները պահանջել են չեղարկել գործող նախագահի նախագահական ժամկետների «զրոյացումը» և չվերաշարադրել Սահմանադրությունը:
Այս ակցիայի մասնակիցների թիվը շուրջ 100 է եղել: Նրանք ձեռքերում պահել են պաստառներ և Սահմանադրության հին օրինակը:
Իրավապահները նրանց դուրս են բերել հրապարակից, մի քանի մարդ բերման է ենթարկվել, ոմանք` մինչև ակցիայի վայր հասնելը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ առցանց քվեաթերթիկների 99%-ի մշակման հիման վրա հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում ընտրողների 78.03%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Ըստ հրապարակված տվյալների՝ սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել մասնակիցների 21,16%-ը: Ընդհանուր մասնակցությունը կազմել է 65%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում