Կայացել է հայ-իտալական միջպետական ծրագրի վերահսկիչ հանձնաժողովի երկրորդ նիստը

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի հանրապետությունների միջև 2011թ. նոյեմբերից իրականացվող «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» կրթամշակութային երկամյա ծրագրի վերահսկիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժիինը, հուլի սի 3-ին կայացած նիստը վարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ մշակութային ժառանգության արժևորման, վերականգնման և պահպանման բնագավառում մասնագետների պատրաստման հարցում: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական:

Իր խոսքում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը և հույս է հայտնել, որ հետագայում ևս կհատկացվեն ֆինանսական միջոցներ Հայաստանում նման ծրագրերի իրականացման համար:

Կողմերը քննարկել և դրական են գնահատել ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքները:

Նիստի ընթացքում ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին ներկայացրել է նախագծի բաղադրիչ մասերը և նշել, որ ծրագրի շրջանակներում իրականացվում են վերականգնող ճարտարապետների վերապատրաստման, հնագիտական, որմանկարների պահպանման ու վերականգնմանը, թանգարանային գործին նվիրված դասընթացներ: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև քարի կառուցվածքների, խեցեղենի, մետաղի և կտավի, հնագիտական իրերի վերականգնմանն ու պահպանությանը նվիրված դասընթացներ:

Երկուստեք որոշվել է 2014 թվականի փետրվարին’ ծրագրի ավարտին կազմակերպել միջազգային համաժողով’ նվիրված մշակութային ժառանգության արժևորման, վերականգնման ու պահպանման խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում