Թուրքիայում բախումները շարունակվում են
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի պաշտոնական բացումից ժամեր անց’ հուլիսի 8-ի երեկոյան հերթական անգամ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, բախման ժամանակ ոստիկանությունը կրկին օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, տեղի են ունեցել ձերբակալություններ: Ժամեր անց թուրքական իշխանությունները նորից փակել են զբոսայգին:
Զբոսայգին այցելուների համար փակ հայտարարելուց հետո կրկին իրադրությունը լարվել է: Միայն կեսգիշերին մոտ թույլատրվել է կրկին մուտք գործել Գեզի: Նշվում է, որ զբոսայգին բացելուց հետո ցուցարարները շարունակել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը:
Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում