ԵՊՀ ավելի քան 100 ուսանողներ Արցախում մասնակցել են մի շարք միջոցառումների

Երեւանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանողներ հուլիսի 5-ից 7-ը մեկնել էին Արցախ’ մասնակցելու նախատեսված միջոցառումների շարքին, որը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը’ Ուսանողական գիտական ընկերության, Ուսանողական խորհրդի և Մշակույթի կենտրոնի ակտիվ աջակցությամբ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության հետ վարչությունից, ուսանողների առօրյան Արցախում գերհագեցած է եղել, նրանք մասնակցել են բազմաթիվ միջոցառումների’ ոգևորելով արցախցիներին:

«Ուսանողության հիմնական մասը դեռ երբեք չէր եղել Արցախում, նրանք առաջին անգամ էին ոտք դնում մեր հայրենիքի այս հատվածում: Համոզված եմ, որ այսուհետ նրանք կկապվեն մեր հայրենի հողի այս մասնիկի հետ»,- նշել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:

ԵՊՀ ուսանողության մի մասը հյուրընկալվել է Արցախի պետական համալսարանում, որտեղ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական մեծ գիտաժողով, որի օրակարգում ընդգրկված են եղել 30-ից ավելի զեկույցներ: Զեկուցումներով հանդես են եկել նաև ԱրՊՀ ուսանողները:

«Ուրախ ենք ընդունելու ձեզ մեր համալսարանում: Ցանկանում ենք, որ այսօրինակ միջոցառումները և համագործակցությունը երկու առաջատար համալսարանների միջև շարունակական բնույթ ունենա»,- ասել է ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանը’ հավելելով, որ Արցախ չեն այցելում, այլ ուղղակի գնում են տեսնելու, քանի որ այն օտար երկիր չէ, այլ Հայաստանի մի մասն է:

ԵՊՀ ուսանողական խորհրդի ակտիվ անդամները և Մշակույթի կենտրոնի սաները եղել են Քարվաճառում, այցելել տեղի զորամասերից մեկը’ ուրախացնելով զինվորներին: Մշակույթի կենտրոնի անդամներին սպասում էին նաև Քարվաճառի մշակույթի տանը, որտեղ տեղի է ունեցել Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված մեծ համերգ: Վերջին 5 տարվա ընթացքում սա 3-րդ համերգային ծրագիրն էր քաղաքում:

Ինչպես նշել է համերգի վերջում Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը, նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են իրենց համար. «Այս միջոցառումների ժամանակ մենք մեզ շատ կարևորված ենք զգում: Ուրախ ենք, որ այստեղ ենք ապրում և արարում»:

Արցախում համալսարանականները մասնակցել են նաև արդեն ավանդական դարձած ծառատունկին’ կյանք տալով ավելի քան 50 նոր ծառերի: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը մեծ կարևորություն է տվել ծառատունկի խորհրդին’ նշելով, որ այդ կերպ սրբագործվում է հայոց հողը: «Այս հողը արյուն է տեսել ու պղծում օտարի ձեռքով: Մենք պետք է այս ծառերի միջոցով սրբագործենք մեր Արցախը’ Հայաստանի մի մասնիկը»,- ասել է Գուրգեն Մելիքյանը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, ամփոփելով եռօրյա այցը, նշել է, որ ծրագրի նպատակն էր հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա. «Արցախում լինել ցանկացողները շատ-շատ էին: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրել էին ավելի քան 50 ուսանողներ, սակայն տեղերը սահմանափակ էին», – նշել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում