Կյանքի է կոչվելու «Միասնական Եգիպտոս» ծրագիրը
Նմանատիպ
Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը հանդես է եկել համընդհանուր հաշտության հասնելու նախաձեռնությամբ: Ի հաստատումն բարի մտադրությունների՝ ժամանակավոր նախագահի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին հայտնել է, որ նոր կառավարությունում նախարարական պաշտոններ են առաջարկված «Մուսուլման եղբայրներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պետության ղեկավարի դիվանատան՝ հուլիսի 9-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին առաջարկվում է հավաքվել մահմեդականների համար սրբազան ամսվա՝ Ռամադանի առաջին շաբաթվա ընթացքում՝ «կանգնեցնելու արյունահեղությունը, հաղթահարելու պառակտումը եւ եգիպտոսցիներին ու հայրենիքին վերադարձնելու միասնության ոգին»: Մանսուրի նախաձեռնությունն ստացել է «Միասնական Եգիպտոս» անվանումը:
Խոսելով «Մուսուլման եղբայրներին» եւ սալաֆիական «Ան Նուր» կուսակցությունից մասնագետներին առաջարկված նախարարական պաշտոնների մասին՝ Ահմեդ ալ Մուսլիմանին նշել է, որ «դրա շուրջ արդեն բանակցություններ են ընթանում»: «Մենք ազգային միասնության կառավարություն ենք ստեղծում եւ հաշտության ենք ձգտում նախագահի նախաձեռնությանը համապատասխան»,- ասել է նա:
Ավելի վաղ վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին հայտարարել է, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը կձեւավորվի առաջիկա 72 ժամվա ընթացքում: Նա նշել է, որ իրենց պորտֆելները կպահպանեն նախորդ կաբինետի յոթ նախարարներ: Արդեն հայտնի է, որ խոսքը պաշտպանական գերատեսչության ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսիի, ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմի եւ ԱԳ նախարար Մուհամեդ Քամել Ամրի, ինչպես նաեւ զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուի մասին է: Բացի այդ, փոխվարչապետների կարգավիճակով կառավարության կազմում կարող են ընդգրկվել Զիադ Բահա ադ Դինը, որը վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկն էր, ինչպես նաեւ «Ան Նուր» սալաֆիական կուսակցության առաջնորդ Յունիս Մահյունը:
Վարչապետը BBC-ի արաբական ծառայությանը հայտարարել է, որ Եգիպտոսի ապագա ժամանակավոր ծառայությունը լինելու է ոչ թե գաղափարախոսների, այլ մասնագետների կառավարություն: Ինչպես սպասվում է, նախարարական պաշտոնների ընդհանուր թիվը կկրճատվի, իսկ նոր կառավարության առաջնային խնդիրը, ալ Բաբլաուիի խոսքով, կդառնա երկրի տնտեսական անվտանգության հարցերի լուծումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում