Թուրքիան անհանգստացնում է ԵՄ-ին
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու բացման արարողության ժամանակ տեղի ունեցած նոր ձերբակալությունները խորապես մտահոգել են Եվրամիությանը: Ինչպես հաղորում է «Արեմնպրես»-ը’ այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով զբոսայգում կատարված ձերբակալությունների մասին, նշել է. «Անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են իրականացվել ձերբակալությունները»: Նա հերթական անգամ ընդգծել է, որ ցուցարարները պարզապես օգտագործել են ազատ արտահայտման և ցույցեր իրականացնելու իրենց իրավունքը: Ֆյուլեն հայտարարել է, որ իրենք շարունակում են հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և հերթական անգամ ընդգծել է մարդու հիմնարար իրավունքներին հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված և ողջ երկրում տարածված բողոքի ակցիաների ընթացքում ԱՄՆ-ը եւս հանդես է եկել շուրջ 20 հայտարարությամբ: Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում:
Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հուլիսի 8-ին Գեզի զբոսայգու պաշտոնական բացումից հետո թուրքական իշխանություններն արդեն իսկ հասցրել են փակել, իսկ ժամեր անց կրկին վերաբացել զբոսայգին: Բացման արարողությունը ուղեկցվել է ոստիկանության հետ բախմամբ, ինչի արդյունքում նոր ձերբակալությունների են տեղի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում