Վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հանդիպել է ազատամարտիկներին
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է իրենց խնդիրների մասին բարձրաձայնող ազատամարտիկներին: «Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», – նշել է կառավարության ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստի կանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ’ բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում