ՀՀ ԱԺ-ն պատասխանել է «1in.am» կայքի եւ «Ժամանակ» թերթի հրապարակումներին
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումների պարզաբանմամբ: ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
««1in.am» կայքին ու «Ժամանակ» թերթին այդքան հոգս ու անհանգստություն պատճառող՝ Ազգային ժողովի ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի 2013թ ներկայացուցչական ծախսերի համար, այն է՝ խորհրդակցությունների,վեհաժողովների կազմակերպման ծառայություններ, պետբյուջեով նախատեսված է 195 մլն դրամ: Ընդ որում, ըստ նույն փաստաթղթի, որպես այդ ծախսերի ձեռքբերման ձեւ ամրագրված է ՝ ԲԸԱՀ, այսինքն՝ բանակցային ընթացակարգ առանց հայտարարություն հրապարակելու: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն իրավունք ունի ներկայացուցչական ծախսերի շրջանակում գնումներ կատարել՝ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել մեկ անձից, առանց մրցույթ հայտարարելու: Հետեւաբար, պարտադիր չէ նաեւ այն 1մլն դրամի սահմանագիծը, որի մասին, իրենց անտեղյակությունը պարբերաբար ու շարունակաբար փաստելով «ահազանգում են» 1in.am կայքն ու «Ժամանակ» թերթը, որովհետեւ օրենքը ՀՀ ? ԱԺ աշխատակազմին թույլ է տալիս, կրկնենք, կոնկրետ ներկայացուցչական ծախսերի պարագայում առաջնորդվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
Մնացած դեպքերում, ինչպես եւ նախատեսված է համապատասխան իրավական ակտերով, գնումներ կատարելիս ՀՀ ԱԺ աշխատակազմը մշտապես հայտարարում է անհրաժեշտ մրցույթներ՝ պահպանելով օրենքի տառը, այսինքն՝ հավատարիմ է մնում հրապարակային ու թափանցիկ գործունեության իր սկզբունքին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում