ՀԿ ղեկավարները երթուղայինների թանկացման լուծումը տեսնում են բաժնետիրական ընկերություն ստեղծելու մեջ

Ուղևորափոխադրում կատարող ընկերությունները 100 դրամ սակագնի պայմաններում վնասներ կկրեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: «Շատ պահեստամասեր, յուղերը թանկացել են և 100 դրամ սակագնի պայմաններում փոխադրողները վնասներ կկրեն: Բայց մյուս կողմից’ հասարակ սպառողն էլ հնարավորություն չունի վճարել 150 դրամը»,-ասաց Դոստուրյանը: Նա լուծումը տեսնում է բաժնետիրա կան ընկերություն ստեղծելու մեջ, որում իր մասնակցությունը կունենա նաև պետությունը: «Այդպիսի բաժնետիրական ընկերության նախատիպեր կան եվրոպական շատ երկրներում: Այսօր Երևանում ներքաղաքային երթուղին սպասարկող 600 ավտոբուսներից 270-ը Քաղաքապետարանը նվեր էր ստացել Չինաստանից, պետությունը կարող էր հանդես գալ այդ ավտոբուսներով, հրավիրել մյուս փոխադրողներին իրենց երթուղայիններով, հասարակ քաղաքացիներն էլ կարող էին մասնակցել բաժնետոմսերի գնման տարբերակով»,- մանրամասնեց Գևորգ Դոստուրյանը: Նրա խոսքով’ կլիներ մեկ մեծ կազմակերպություն, որը կարող էր պահեստամասերը ներկրել, ունենալ իր գազալցակայանները, ինչն էլ հնարավորություն կտար ազդելու մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքի վրա:

Խոսելով երթուղային տաքսիների թանկացման մասին’ «Հայաստանի սպառողների ասոցիցիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ թանկացման ալիքը կարող է ներգրավվել նաև մնացածներին, եթե քայլեր չձեռնարկվեն:

Գևորգ Դոստուրյանի հավաստմամբ’ տաքսիները կարող են աշխատել 1 կմ-ի համար 100 դրամ սակագնով, բայց պետք է հաստատվի տարիֆ, որով ֆիքսված գին կորոշվի բոլոր տաքսիների համար: Բացի դրանից, պետք է վերահսկողություն հաստատել տաքսիներում գործող հաշվիչների նկատմամբ: «Պետք է բոլոր հաշվիչները մի տեղում անցնեն ստուգաչափում նույն կանոններով, և վարորդն ու տնօրինությունը չունենան հնարավորություն ազդելու հաշվարկի վրա»,- ավելացրեց Արմեն Պողոսյանը: Առանց դեղին համարանիշների տաքսիների գոյությունն էլ սպառողների միության նախագահը բնորոշեց հանցագործություն:

Բանախոսները միակարծիք էին, որ պետք է պայքարել անօրինական տաքսիների դեմ, մաքրել դաշտը: «Հայաստանի տաքսի ծառայությունների 60 տոկոսն անօրինական է գործում: Այդ կապակցությամբ պետք է պայքարել դրանց դեմ ու բոլորին բերել լիցենզիոն դաշտ»,- ասաց Գևորգ Դոստուրյանը:

Երևանում ներքաղաքային տրանսպորտի ավտոբուսային երթուղիները սպասարկում են 20, իսկ միկոավտոբուսային երթուղիները’ 49 ընկերություններ, երթուղին իրականացնում են ավելի քան 3000 ավտոբուս և միկրոավտոբուս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում