Եգիպտոսի իշխանություններն արդարացնում են ուժի կիրառումը
Նմանատիպ
Եգիպտոսի վաչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հազեմ Բեբլաուին արդարացրել է ցուցարարների ցրումը Կահիրեում՝ հայտարարելով, որ իշխանությունները պարտավոր էին «վերականգնել անվտանգությունը»:
Պաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսի ողջ տարածքում իրականացված գործողության հետեւանքով զոհվել է 278 մարդ, եւս ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարված, 11 նահանգներում սահմանված է պարետային ժամ:
«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են 2 հազար զոհվածների մասին եւ տեղի ունեցածը գնահատել «սպանդ»:
Ազգին հղված հեռուստաուղերձում Հազեմ Բեբլաուին ափսոսանք է հայտնել մարդկանց զոհվելու կապակցությամբ եւ խոստացել, որ սահմանված արտակարգ դրության ռեժիմը չեղյալ կհայտարարվի առավելագույն կարճ ժամկետում:
Եգիպտոսի ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը հայտարարել է, որ իր գերատեսչությունն այլեւս թույլ չի տա երկրում կազմակերպել նստացույցներ: Նա նաեւ հայտնել է, որ Եգիպտոսում Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 43 ոստիկան, այդ թվում՝ 18 սպա, ներառյալ երկու գեներալ եւ երկու գնդապետ: Իրավակարգի եւս 211 պահապաններ վերքեր են ստացել:
Ինչպես հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները, երկրի ուժային կառույցները Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրների» ութ առաջնորդների, այդ թվում՝ շարժման այնպիսի ազդեցիկ ներկայացուցիչների, ինչպիսիք են Մուհամեդ ալ Բելգաթին, Իսամ ալ Արիանը, Սաֆուաթ Հիղազին:
ՆԳ նախարարության հայտարարության համաձայն՝ ձերբակալված են անկարգությունների 543 հրահրողներ, որոնք հարձակումներ են կազմակերպել ոստիկանական տեղամասերի, պետական հիմնարկների, ինչպես նաեւ եկեղեցիների վրա: Նախօրյակին գրոհի են ենթարկվել ղպտիական դպրոցներ, Եգիպտոսի քրիստոնյաների տներ, ինչպես նաեւ 15 տաճար, որոնցից մի քանիսն ամբողջովին այրվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում