Կորոնավիրուսի վկայագրե՞ր կներդրվեն. ինչն է նպատակը

Նմանատիպ
Եվրամիությունում պատվաստման վկայագրերը պետք է ներդրվեն առավելագույնը 12 ամիս ժամկետով: Այս պահանջի մասին հստակեցվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) բանակցային դիրքորոշման մեջ, որը հաստատվել է այսօր Բրյուսելում կայացած ԵԽ նստաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հինգշաբթի Եվրախորհրդարանն ներկայացրել է իր բանակցային դիրքորոշումը համավարակի ընթացքում Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունքը հաստատող վկայագիր թողարկելու առաջարկի վերաբերյալ: Եվրախորհրդարանականները համաձայնել են, Եվրահանձնաժողովի առաջարկած թվային կանաչ սերտեֆիկատի փոխարեն ներկայացվելիք նոր «EU COVID-19» վկայագիրը պետք է վավեր լինի 12 ամիս, ոչ ավելի», – ասվում է փաստաթղթում:
Պատգամավորներն ընդգծել են, որ «վկայագրերը ծառայելու են որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման»:
«Վկայագրեր ունեցողները չպետք է ենթարկվեն ճանապարհորդական լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Չպատվաստվածների նկատմամբ խտրականությունից խուսափելու համար ԵՄ երկրները պետք է ապահովեն համընդհանուր, մատչելի, ժամանակին և անվճար թեստավորումներ»,- հայտնել են խորհրդարանականները:
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա այս առնչությամբ «ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն, արդյոք նրանք ընդունում են պատվաստումների այնպիսի վկայագրեր, որոնք տրվել են այլ երկրներում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար թույլատրված դեղամիջոցների համար»,– հայտնել են ԵԽ-ից:
Ներկայում Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը պետք է բանակցություններ սկսեն վկայագրերի շուրջ համաձայնության հասնելու համար:
«Ե՛վ Եվրախորհրդարանը, և՛ ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ են բանակցություններ սկսել, որի նպատակն է ամառային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ համաձայնության հասնել», – ասված է ԵԽ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում