Թե ինչու է ձախողվում Քարվաճառի վերաբնակեցումը
Նմանատիպ
Քարվաճառի ազատագրումից անցել է 20 տարի: Այսօր Քարվաճառում ամենաճոխ հաշվարկներով ապրում է 700 հոգի: Ես ու ամուսինս Քարվաճառ ենք տեղափոխվել ոչ թե սոցիալական կարիքից դրդված, ոչ թե այն պատճառով, որ մենք այստեղ հեշտորեն տուն ստանալու ակնկալիք ունեինք կամ էլ ցանկանում էինք կյանքում որեւէ ձախորդություն մոռանալ’ փոխելով բնակավայրը: Ոչ, որքան էլ տարօրինակ հնչի, մենք տեղափոխվել ենք այստեղ’ Քարվաճառի բնակչությունն ավելացնելու, Քարվաճառին մեր հնարավորությունների չափով օգտակար լինելու եւ այստեղ որեւէ բան ավելացնելու նպատակով: Քարվաճառում մեզ տուն չեն տվել, դա բոլորին է հայտնի: Այսօր մենք կառուցում ենք մեր տունը’ երկու բարերարների տված գումարով եւ մեր աշխատավարձով:
Պետությունից մենք որեւէ ակնկալիք չունենք, չնայած որ Քարվաճառի վերաբնակեցումը հայտարարվում է որպես պետության կարեւորագույն խնդիրներից մեկը: Մենք հույս ունեինք միայն, որ պետությունը ջուրն ու հոսանքը կհասցնի մեր տուն: Պետք է ասեմ, որ ջուրն իրոք մինչեւ մեր բակ հասավ: Շնորհակալություն: Իսկ ահա հոսանքի պատմությունն ավելի հետաքրքիր լուծում ստացավ. պարզվեց, որ էլէկտրասյուները տեղադրում է պետությունը (այո, փառք Աստծո), իսկ ահա էլէկտրալարը պետք է գնենք մենք’ սեփական միջոցներով:
Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարն արեց իր կարողացածը’ խնդրին հօգուտ մեզ լուծում տալու համար, սակայն Քաղաքաշինության նախարարությունը որոշել է, որ մենք տուն կառուցելուց առաջ պետք է նախագիծը հաստատման ներկայացնեինք, որից հետո մենք ջուր ու հոսանք կունենայինք: Իհարկե, ես դեմ չեմ, լավ կլիներ, որ Քարվաճառի բոլոր տները կառուցելուց առաջ այդպիսի նախագծեր ներկայացված լինեին, տները սանիտարական եւ անվտանգության չափանիշների համապատասխան կառուցվեին: Բայց արդա՞ր է այդ բոլորը միայն մեզնից պահանջելը, որոշում կայացնելուց առաջ պե՞տք չի հաշվի առնել այս քաղաք կոչվող գյուղակի իրական վիճակը…
Քարվաճառում բնակություն հաստատել պատրաստվող հաջորդ ընտանիքին էլ խորհուրդ կտամ ի նկատի ունենալ, որ միգուցե իրենք արդեն էլեկտրասյուներն էլ իրենց միջոցներով տեղադրեն…ինչ իմանաս, թե վերաբնակեցման համար այստեղ էլ ի՞նչ կհնարեն…
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում