Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին կոչ է արել չխորացնել ճգնաժամը

Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին կոչ է արել չխորացնել ճգնաժամը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին կոչ է արել «լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում»:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ արված կոչում Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին առաջարկել է իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

«Դիմում եմ բոլոր ընտրողներին՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսեւորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար:

Ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունները, արտահերթ եւ նաեւ արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, եւ որից Հայաստան պետությունը եւ մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն»,- ասել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում