Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ. Azatutyun
Նմանատիպ
Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաքում է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։
14 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։
Հայաստանյան պատվիրակության կեսից ավելին հենց Պաշտպանության նախարարությունից են, սակայն լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով նախարարության լրատվական ծառայություն «Ազատության» հեռախոսազանգերը առայժմ անպատասխան են մնացել։
Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկելու է այսօր։
Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։
Կառավարության հիմնավորմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում