Մենք նրան Ավո էինք կոչում…

Մենք նրան Ավո էինք կոչում…

Այսօր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Մոնթեն այսօր կդառնար 65 տարեկան։ Ամբողջ օրը հետևում եմ ցանցի քննարկումներին ու ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Ամեն բան, կարծես, իրար խառնված լինի։ Մենք, որ կարողացել ենք ոտքի կանգնել անցած դարի վերջում, հերոսներ ծնել, երկիր ստեղծել ու հաղթանակներ կերտել, այսօր զգուշացնում ենք միմյանց, որ Մոնթեի անունն ու լուսանկարը սոցիալական ցանցերում չտեղադրենք. օգտահաշիվները կարգելափակվեն։

Ու ոչ էլ կարող ես մարդկանց մեղադրել կամ ինչ-որ բաներ փորձել բացատրել։ Ի՞նչ բացատրես՝ նրանք ճիշտ են։ Մենք բոլորս «վայելում» ենք դավաճանության և դավաճանված լինելու դառը պտուղները։ Դա է պատճառը, որ հերոսի ծնունդը գաղտագողի ենք նշում, ամեն մեկս մեր մտքում, մեր սենյակում…

Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար են հիշեցնելու իրենց մասին։ Դա անխուսափելի է։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այդ նույն պատերազմից հետո իմ կողմից հարգված և սիրված մի ընտանիքում արու զավակ է ծնվել։ Երեխայի անունը Մոնթե են դրել։ Սա է կյանքի օրենքը՝ հերոսները երբեք հենց այնպես չեն հեռանում մեզանից։ Նրանք ցորենի հատիկի պես են՝ հող իջնելով բերրի բերք են պարգևում իրենց ժողովրդին։ Մոնթեն ահա ցորենի այդ հատիկն էր։ Մեր ժողովրդի սիրով ու էներգիայով բեղմնավորված հատիկ։

Ի դեպ, Արցախում մենք նրան Ավո էինք կոչում։ Այն, որ Ավոյի իրական անունը Մոնթե Մելքոնյան էր ես իմացել եմ նրա անմահանալուց շատ ժամանակ անց։

Ծնունդդ շնորհավոր, Ավո։ Ես էլ, դու էլ, ամենքս էլ գիտենք, որ ոչինչ անհետևանք չի անցնում այս աշխարհում։ Քո գործն էլ քո անվան պես անմահ է։ Ու հաստատ մենք բոլորս դեռ վայելելու ենք քա արած ամեն քայլի ու տրված յուրքանչյուր հրամանի արդյունքները։ Դա է բնական օրենքի թելադրանքը։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում