Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածուն ընտրվել է Թուրքիայի պատմագիտական ընկերության պատվավոր անդամ
Նմանատիպ
Հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքի նախագահի միակ թեկնածու Ջամիլ Հասանլին, ով պատմական գիտությունների դոկտոր է, ընտրվել է Թուրքիայի պատմագիտական ընկերության պատվավոր անդամ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը’ հղում կատարելով կառույցի ղեկավար Մեհմեթ Մեթին Հյուլաղուին:
Պատվավոր անդամի դիպլոմը Ջամիլ Հասանլիին Թուրքական պատմագիտական ընկերությունը կհանձնի հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Թուրքիայի հանրապետության հիմնադրման 90-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
Մինչ այժմ այդ կառույցի, որտեղ մշակվել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «ժխտման» պաշտոնական թեզը, պատվավոր անդամ են ընտրվել Ադրբեջանի երկու պատմաբաններ, տխրահռչակ Զիյա Բունյաթովը, ադրբեջանցիների’ կովկասյան աղվանցիներ լինելու ծիծաղելի թեզի հեղինակը, եւ Սուլեյման Ալիյարլըն:
Ջամիլ Հասանլըն Բաքվի պետական համալսարանի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների նոր եւ նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր է, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի թեզերի պաշտպանության գծով մասնագիտացված խորհրդի անդամ է, Ադրբեջանի նախագահին կից կրթության գծով հանձնաժողովի անդամ, 2000 թ-ից մինչեւ 2008 թ-ը եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր: Չի նշվում, թե կոնկրետ որ աշխատանքների համար է Ադրբեջանի ընդդիմության նախագահի միակ թեկնածուն արժանացել Թուրքիայի պատմագիտական ընկերության պատվավոր անդամի կոչմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում