Իրանը Նիզամիի հետ կապված բողոք է հղել Ադրբեջանին
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Սայիդաբադին Նիզամի Գյանջավիի ինքնության եւ ժառանգության պատկանելության հարցով բողոքի նամակ է հղել ադրբեջանցի իր գործընկեր Գյունայ Աֆենդիեւին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իրնական «ISNA» լրատվական գործակալությունը, բողոք հայտնելով Գյանջայում Նիզամիի գերեզմանի վրայից պարսկերեն գրությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնության առթիվ, իրանցի պաշտոնյան հայտարարությունում նշել է, որ «Ադրբեջանի կողմից պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջեւի ինքնության եւ գրական ժառանգության ոչնչացումն անընդունելի է»:
«Ադրբեջանի կողմից պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջաւիի ինքնության եւ գրական ժառանգության ոչնչացումն անընդունելի եւ անընկալելի է: Այդ գործընթացը հակասում է մշակույթների մերձեցման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած սկզբունքներին: Նիզամին Մեվլանայի, Հաֆիզի, Սադիի, Խայամի, Աթթարի, Ֆիրդուսիի, Իբն Սինայի, Բիրունիի, Ջամիի, Ռուդաքիի եւ հարյուրավոր այլ իրանցի բանաստեղծների շարքում Իրանի բարեկամական ուղերձները հասցրել է աշխարհի բոլոր կողմերը: Նիզամին մի բանաստեղծ է, ում ամբողջ ժառանգությունը գրված է պարսկերենով»,- նշել է նա:
Մոհամմադ Ռեզա Սայիդաբադին հավելել է, որ Նիզամիի գերեզմանի վրայի գրված բանաստեղծությունները կարող են փոխարինվել այլ լեզուներով թարգմանություններով, սակայն ընդգծել, որ «այդ գործը երբեք չի կարող վնաս հասցնել մեծ բանաստեղծի ինքնությանը եւ ազնվական ծագմանը»:
Ադրբեջանը Նիզամի Գյանջեվիին համարում է ադրբեջանական բանաստեղծ, սակայն Բաքվի այդ պնդումներին ի պատասխան, Իրանը նշում է, որ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջեւին ծնվել է ժամանակին Իրանի մաս կազմող քաղաքում: ԻՀԻ մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամեդ Ջավադ Ադաբին «ԻՌՆԱ» պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ պարսկական գրականության դասական, Իրանի խոշոր բանաստեղծներից Նիզամի Գյանջեւիի հետ կապված կեղծարարությունները խոսում են Ադրբեջանի մշակույթի խղճուկության մասին:
Ավելի վաղ «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշվածության փոխնախարար Բահման Դարին հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը յուրացնում է Իրանի մշակութային արժեքները:
«Առկա փաստերը վկայում են այն մասին, որ Նիզամի Գայնջեւին իրանական բանաստեղծ է, եւ դա ապացուցելու անհրաժեշտություն չկա: Բայց ուրիշների մշակութային արժեքներն իրեն վերագրելը արժանապատիվ արարք չէ: Մշակութային արժեքներ չունենալով’ Ադրբեջանը ստիպված իրեն է վերագրում այլ երկրների արժեքները: Ադրբեջանի նման քայլը մշակութային գողությունից բացի այլ բան չի կարելի է անվանել»,- ասել էր նա: Բահման Դարին միաժամանակ հավելել էր, որ Իրանի մշակութային ճառանգության վրա նման ոտնձգությունն անպատասխան չի մնա:
Ադրբեջանցի գիտնական, պրոֆեսոր Սիրիուս Աշեմովը թեմայի հետ կապված ասել է. «Պատմական փատերը ներկայացնելիս մենք պետք է քաջություն ունենանք ասելու, որ Արան եւ Շիրվան տարածքները, որոնց վրա 1918 թ-ին ստեղծվել է Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս են կազմել, հետեւաբար, այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջեւին գրում էր «Համսե» պոեմը, Գյանջա շրջանը եւ Նիզամին իրանական են եղել: Ադրբեջանն ընդամենը 20-ամյա պատմություն ունի, հետեւաբար, 800 տարի առաջ ստեղծագործած բանաստեղծը չի կարող ադրբեջանցի համարվել»:
Նիզամի Գյանջեւին իր ստեղծագործություններում նույնիսկ մի երկտող չի գրել այլ լեզվով: Նրա բոլոր ստեղծագործությունները գրված են բացառապես ժամանակի մշակված գրական պարսկերենով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում