Հայաստանի և Ռուսաստանի կառավարությությունների միջև կկնքվի խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Times.am»-ը’ վկայակոչելով ՀՀ կառավարության կայքը, այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրի նպատակն է այս ոլորտում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև վերը նշված նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:
«Հաշվի առնելով ՀՀ տիեզերական ծրագրի մեկնարկը, ինչպես նաև կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացի կարևորությունը’ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս տիեզերական բնագավառում ՌԴ-ի հետ սերտ համագործակցությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Համաձայնագրով կողմերը կսահմանեն համագործակցության շրջանակները, որոնցից են տիեզերական գիտության և տեխնիկայի զարգացումը, տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ու տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառումը, տիեզերական ոլորտում համատեղ գիտական, արդյունաբերական և տնտեսական գործունեության, ինչպես նաև աշխատանքային գործընկերության հեռանկարային ձևերի սահմանումը: