ԱԻՆ պատվիրակությունը մասնակցել է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 11-րդ նիստին

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում սեպտեմբերի 9-ից 15-ը կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի (ԱԱՄԽ) 11-րդ նիստը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օրակարգում ընդգրկված են եղել 2012թ. Յալտայում կայացած 10-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների արդյունքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներ:

Նախագահող ուկրաինական կողմը ներկայացրել է ԱԱՄԽ կողմից 2012-2013թթ. ընթացքում իրականացված աշխատանքներն ու միջոցառումները, նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և դրանց արդյունքները: Նախագահողի զեկույցից հետո ելույթ է ունեցել և մասնակիցներին ողջունել Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոն: Խորհրդի լիազոր ներկայացուցիչները ներկայացրել են իրենց զեկույցներն անդամ պետություններում արդյունաբերական անվտանգության ապահովման իրավիճակի, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Նիստի ընթացքում քննարկվել են օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, աշխատակիցների որակավորման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, խորհրդի գործունեության և մի շարք այլ հարցեր:

Նիստի մասնակիցների միջև փոխանակվել է տեղեկատվություն’ արդյունաբերական անվտանգության նկատմամբ պետական հսկողության իրականացման մեթոդների, մասնակից պետություններում տեղի ունեցած տեխնածին վթարների, արդյունաբերական անվտանգության ապահովման համար կիրառվող գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ԱԱՄԽ աշխատանքային խմբե րի կողմից 2012-2013թթ. կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, որից հետո հաշվետվություններ են ներկայացրել առանձին աշխատանքային խմբերը, որոնցում անդամներ ունի նաև ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնը:

2012-2013թ. ընթացքում ԱԱՄԽ խորհրդի և դրա աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքները գնահատվել են դրական և նախորդ նիստի ընթացքում տրված բոլոր հանձնարականները համարվել են կատարված:

Նիստի ընթացքում որոշում է ընդունվել ԱՊՀ անդամ պետությունների Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի պատվոգրով պարգևատրել Աշոտ Պե տրոսյանին:
Եղել են բազմաթիվ հանդիպումներ, պայմանավորվածություններ ձեռքբերվել երկկողմ համագործակցության հաստատման և խորացման շուրջ, մասնավորապես, Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյի և Բելառուսում Ուկրաինայի դեսպանի հետ քննարկվել են արդյունաբերական անվտանգության արդի խնդիրները, դրանց յուրահատկությունները և լուծման մեթոդները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ուկրաինայում փորձագետների ուսուցման և որակավորման վերաբերյալ:

Նիստի ավարտին, հիմք ընդունելով ադրբեջանական կողմի համաձայնությունը, որոշվել է ԱԱՄԽ հաջորդ նիստն անցկացնել Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում