Թուրքիայում պետք է զգան, թե ինչպես է մոտենում «հայկական ցունամին». Հարութ Սասունյան
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար հարկավոր է անհապաղ համախմբել սփյուռքահայության բոլոր խմբերին: Լոս-Անջելեսում հրատարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր, Արևմտյան Ամերիկայի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի համանախագահ Հարութ Սասունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բավական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, սակայն կան դեռ որոշակի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում : «Մենք վստահ քայլերով շարժվում ենք առաջ, սակայն որոշ խնդիրներ կան, որոնց լուծման դեպքում աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն»,- ասաց նա:
Սասունյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում ձևավորված հարյուրամյակի հանձնաժողովներն առանձին են աշխատում, և յուրաքանչյուրը մտածում է, թե ինչպես կազմակերպել և իրականացնել ծրագրերը: «Հարկավոր է, որ բոլորը շուտափույթ համախմբվեն և միասին աշխատեն, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,- բացատրեց նա: Սասունյանը նշեց, որ ինքն արդեն այդ հարցով խոսել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, և շուտով համադրման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:
Նա չցանկացավ նշել, թե մասնավորապես ինչ միջոցառումներ են ծրագրվում’ ընդգծելով, որ դա պետք է անակնկալ լինի Թուրքիայի համար, և այս պահին նպատակահարմար չէ դրանց մասին բարձրաձայնելը: «Իսկ Թուրքիային իսկապես լուրջ անակնկալ է սպասվում, եթե մենք կարողանանք ազգովի համախմբվել և միասին ակտիվ աշխատել: Թուրքիայում արդեն անհանգստացած են և խոսում են այն մասին, որ «հայկական ցունամին» մոտենում է, իսկ մենք պետք է այնպես անենք, որ նրանք իսկապես այդ «ցունամին տեսնեն»»,- ավելացրեց նա:
Թուրքիայում բոլորը շատ լավ գիտեն, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել և որքան շուտ նրանք ճանաչեն այդ փաստը, այնքան նրանց օգուտն է լինելու: «Եթե ճանաչեն, շատ լավ կլինի, չճանաչեն՝ ավելի վատ իրենց համար»,- եզրափակեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը կազմավորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրով: Այն կոչված է նոր թափ հաղորդել հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի հարյուրամյա տարելիցը արժանապատվորեն հիշատակելու, ոգեկոչելու և դատապարտելու նախաձեռնություններին, ինչպես նաև դրա հետևանքների վերացման համար մղվող անդադար պայքարին: Հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների հանձնաժողովներ են ստեղծվել աշխարհի տարբեր ծայրերի հայկական համայնքներ ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում