Լիբանանը ևս տուժում է սիրիական ճգնաժամից
Նմանատիպ
Սիրիացի փախստականների թիվը Լիբանանում գերազանցել է մեկ միլիոն երեք հարյուր հազարը: Այս մասին հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի փախստականներին օգնություն տրամադրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարը ռադիոին տված հարցազրույցում նշել է, որ սիրիական ճգնաժամը զգալի հետևանքներ է թողնում Լիբանանի վրա, և իր երկիրը չի կարող հեշտությամբ հաղթահարել այն: Նրա խոսքով սիրիացի և պաղեստինցի փախստականների թիվը Լիբանանում գերազանցում է միլիոնը՝ հաստատելով, որ նշված թիվը բավական մեծ է և լուրջ դժվարություններ է ստեղծում եւ բացասական ազդեցություն ունենում Լիբանանի համար: «Եթե Լիբանանը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում փախստականների հանդեպ, դա չի նշանակում, որ պետք է Լիբանանին մենակ թողնել»,- նշել է նախարարը՝ միջազգային հանրությունից պահանջելով պատասխանատվության տակ վերցնել և օգնության ձեռք մեկնել:
ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն՝ սիրիացի փախստականների թիվը հասել է յոթ միլիոնի, որից շուրջ երկու միլիոնը բնակություն է հաստատել հարևան երկրներում, որոնցից Լիբանանը առաջին տեղն է գրավում: Կես միլիոն փախստականներ բնակություն են հաստատել Հորդանանում, մոտ 4 հարյուր հազարը՝ Թուրքիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում