Ոստիկանությունը Երևանում կխստացնի տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ վերահսկողությունը
Նմանատիպ
Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Աշոտ Կարապետյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն՝ մայրաքաղաքում խստացվելու է տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ վերահսկողությունը:
Անդրադառնալով տաքսի ծառայություններից շատերում տիրող իրավիճակին՝ Երևանի ոստիկանապետը ներկաներին հորդորել է ավելի ուշադիր ու հետևողական լինել բոլոր վարորդների նկատմամբ ոչ միայն բուն աշխատանքի ընթացքում, այլև մինչև աշխատանքի ընդունելը: «Օրըստօրե ավելանում է տաքսիստների մասնակցությամբ հանցագործությունների թիվը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարմնավաճառությանը նպաստելը և այլն: Նկատի ունենալով այդ ամենը’ քաղաքացիներին հանցավոր և անցանկալի երևույթներից զերծ պահելու նպատակով, ոստիկանությունը պահանջում և հորդորում է՝ վարորդներին աշխատանքի ընդունելիս չառաջնորդվել միայն պահանջվող աշխատանքային փորձի առկայությամբ, քանզի պակաս կարևոր չէ, թե գործառուն ինչպիսի վարքագիծ է դրսևորել նախկինում՝ թմրամոլ է, կամ երբևէ կապ ունեցել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ, հանցավոր հակումներ ունի, թե ոչ»,- ասել է Կարապետյանը:
Երևանի նախկին ոստիկանապետը ներկաներին հավաստել է նաև, որ, նկատի ունենալով քաղաքային տրանսպորտի կարևորությունը քաղաքացիների անվտանգության ապահովման տեսանկյունից, ոստիկանությունը միշտ պատրաստ է համագործակցելու և պատրաստակամ՝ բոլորին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում:
Այնուհետև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսել է ոստիկանության բուն գործողությունների, համատեղ աշխատանքի, սպասարկման անհրաժեշտ որակ ապահովելու, վարորդների կողմից երթևկության կանոնների պատշաճ պահպանման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում