ՀԱՊԿ երկրները համատեղ հայտարարություն են ընդունել «Հելսինկի + 40» գործընթացի վերաբերյալ
Նմանատիպ
Կիևում դեկտեմբերի 5-ին մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը’ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել «Հելսինկի + 40» գործընթացի վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հետ հանդնիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։
Կիևում ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակել արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանգրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում արծարծվել են ԵԱՀԿ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվել է խորհրդարանակ ձևաչափով համագործակցության կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում