ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ ԼՂՀ ՊԲ զորամասերում սեմինարներ կանցկացվեն
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փետրվարի 1-ին հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են այն բոլոր ծրագրերը, որոնք քննարկվել էին Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում:ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը կարևորել է ԼՂՀ փաստաբանության զարգացման գործընթացում ՀՀ փաստաբանների պալատի օժանդակությունը։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ գարնանը հնարավորություն կընձեռվի ԼՂՀ փաստաբանների պալատի փաստաբաններին մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին՝ հեռավար կարգով։
ԼՂՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ ԼՂՀ փաստաբանների պալատին նոր շենքային պայմաններով ապահովելու հարցը դրված է իրենց օրակարգում։ Կողմերը վերահաստատել են ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում ծառայության անցնող զինվորների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով սեմինարներ իրականացնելու ծրագիրը, որը կմեկնարկվի գարնանը:
Առաջիկայում կքննարկվեն նաև ԼՂՀ իրավաբանների ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամ ընդունելության հարցերը, որոնք նույնպես կիրականացվեն հեռավար կարգով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում