ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի առաջարկության վերաբերյալ և հույս հայտնում, որ բազմաթիվ երկրներում մեծ մասսայականություն վայելող մարզաձևը, այնուամենայնիվ, կշարունակի ընդգրկված մնալ օլիմպիական խաղերի ծրագրում: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Ըմբշամարտը հենակետային մարզաձև է համարվում բազմաթիվ երկրներում: Ողջ աշխարհում ըմբշամարտով զբաղվում են հարյուր հազարավոր մարզիկներ, միայն Հայաստանում այդ մարզաձևով զբաղվում են մոտ 5000 մարզիկներ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միանում է մյուս երկրների կողմից տարածված հայտարարություններին խնդրի վերաբերյալ և լավատեսությամբ է ընդունում ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգենի մեկնաբանությունն այդ կապակցությամբ. «ՄՕԿ-ի գործկոմի առաջարկությունը չի նշանակում, թե ըմբշամարտը հանվել է օլիմպիական խաղերի ծրագրից: Այս մարզաձևը կլինի 2016թ. Ռիոյի խաղերում: Շատ երկրների ֆեդերացիաներ հիմա աշխատում են, որպեսզի ըմբշամարտն ընդգրկվի նաև 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրում»,- ասել է նա: