Պեպե. Դեռ շատ բան կարող եմ տալ այս ակումբին
Նմանատիպ
Բրազիլական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ Պեպեն, ով մադրիդյան ֆուտբոլի երկրպագուների սիրելիներից մեկն է, AS-ի լրագրողների հետ խոսել է իր առաջիկա ծրագրերից: Հարցազրույցն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Անցած տարին ի՞նչ թողեց ձեր հիշողության մեջ:
-Մասնագիտական և անձնական առումներով այդ տարին յուրահատուկ էր ինձ համար: Ես հաղթեցի Իսպանիայի առաջնությունը, Եվրո 2012-ի ժամանակ խաղացի Պորտուգալիայի հավաքականի կազմում և ամիսներ առաջ հայր դարձա: Կարևոր տարի էր:
-Կարո՞ղ էր Պորտուգալիայի հավաքականն ավելի լավ հանդես գալ Եվրո 2012-ում:
-Վստահ եմ, որ կարող էր: Վատ կերպով Իսպանիային զիջեցինք կիսաեզրափակչում: Ակումբի թիմակիցներիցս շատերի հետ խոսեցի այդ մասին, ու բոլորն էլ ասում էին, որ մենք արժանի էինք եզրափակչում լինել: Ինչ իմանաս, գուցե Բրազիլիայում բախտներս բերի:
-«Ռեալը» երկրպագուների ահռելի բանակ ունի: Բայց սեփական խաղադաշտում ոչ բոլոր խաղերի ժամանակ են ակումբն ու երկրպագուները միասնականություն դրսևորում…
-Մեղք կլիներ, եթե բողոքեի երկրպագուների սառնությունից: Այստեղ ինձ սիրում ու գնահատում են: Բայց ձեր խոսքերի մեջ ճշմարտություն կա: Ոչ բոլոր հանդիպումներում են երկրպագուները լիովին աջակցում մեզ: Բայց «Ռեալի» պես հանճարեղ ակումբի համար դա նորմալ է: Ոչ բոլոր հանդիպումներն են միևնույն հետաքրքրությունն առաջացնում հանդիսականների մոտ: Բայց Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի առանցքային խաղերի ժամանակ մենք զգում ենք նրանց ֆանտաստիկ աջակցությունը:
-Կարծիք կա, որ Իսպանիայում պորտուգալացի ֆուտբոլիստների հանդեպ կանխակալ վերաբերմունք են տածում…
-Մենք այստեղ այլազգիներ ենք ու զգում ենք դա: Լրագրողներն առավելությունը միշտ էլ տեղացի ֆուտբոլիստներին են տալիս: Բացի այդ, ի տարբերություն իսպանացիների, վերջին տարիներին մենք «Ոսկե գնդակի» երկու մրցանակակիր ենք ունեցել’ Ֆիգուն և Ռոնալդուն: Մենք ի տարբերություն տեղացի խաղացողներին, ավելի շատ ճնշում ենք զգում, բայց պետք է հասկանալ ու ընդունել:
-Բարդ է՞ գրավել մադրիդցիների սիրտը:
-Որպեսզի երկրպագուները սիրեն քեզ, պետք է ոչ միայն օգուտ բերես, այլ նաև յուրաքանչյուր խաղում առանց քեզ խնայելու պայքարես:
-Իկեր Կասիլյասն ասել է, որ նախընտրում է 25 միավորով հետ մնալ «Բարսայից», բայց հաղթել Չեմպիոնների լիգայում: Այս կարծիքն ամբողջ թիմն է՞ կիսում:
-Ես նախընտրում եմ ամեն ինչ հաղթել, բայց մեր իրավիճակում անհնար է: Կարծում եմ, որ առաջնության յուրաքանչյուր խաղում պետք է փորձենք ավելի լավ խաղալ: Եթե Լա լիգայում լավ չենք խաղում, ապա Չեմպիոնների լիգայում ևս լավ մարզավիճակ ձեռք բերել չենք կարող:
-«Ռեալի» հետ ձեր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015թ.: Մինչև վերջ իրականացնելու՞ եք այն:
-Բարդ է այդքան հեռուն գուշակել, բայց ես կցանկանայի երկարաձգել պայմանագիրը: Կարծում եմ, որ դեռ շատ բան կարող եմ տալ ակումբին: Միակ թիմը, որտեղ նորից կվերադառնայի’ «Պորտուն» է: Այնտեղ շատ բան եմ սովորել ու այնտեղ էլ կայացել եմ որպես ֆուտբոլիստ:
-Եթե Ռոնալդուն և Մոուրինյոն լքեն «Ռեալը», կհետևե՞ք նրանց օրինակին:
-Չգիտեմ: Ամեն ինչ հստակ իրավիճակից է կախված: Եթե Մոուրինյոն ու Ռոնալդուն որոշեն հեռանալ, դա նրանց որոշումը կլինի: Չեմ պատրաստվում լքել ակումբը միայն այն պատճառով, որ նրանք արել են դա: Իմ որոշումն իմ անձնական դրդապատճառները կունենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում