ԱԱԽ-ն և Ֆրոնտեքսը համագործակցության աշխատանքային համաձայնագիր են կնքել

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության /Ֆրոնտեքս/ ղեկավար Իլկա Լայտինենը ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև հետագա համագործակցության օրակարգը, հայտնում են ԱԱԽ մամլո ծառայությունից:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարևորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում:

«Համաձայնագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև և սերտորեն գործակցել մի շարք ուղղություններով` կազմակերպել համատեղ օպերացիաներ, առավել արդյունավետ պայքարել սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները և նաև շատ լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների և ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջև»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: 

Կարևորելով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներդրումն այս ուղղությամբ` գործակալության ղեկավար Իլկա Լայտինենը առանձնացրել է երեք գործոններ, որոնք հիմք հանդիսացան համագործակցության արագ մեկնարկի, սահուն և արդյունավետ ընթացքի և համաձայնագրի ստորագրման համար, այն է` Հայաստանի ղեկավարության քաղաքական մեծ պատրաստակամությունը, Հայաստանում սահմանների համալիր կառավարման հաջողված ռազմավարությունը և միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի և ԵՄ հաստատությունների աջակցությունը: Իլկա Լայտինենը հավելել է, որ համաձայնագրի ստորագրմանը անմիջապես հետևելու է դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որում ներառվելու են բոլոր համապատասխան գործողությունները և միջոցառումները: 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ քննարկվել է առաջիկայում Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորում կապահովի պետական սահմանի հետ առնչվող բոլոր պետական կառավարման մարմինների համար:

Լայտինենը նաև շնորհակալություն է հայտնել Ա. Բաղդասարյանին՝ ասելով, որ այդ համաձայնագրի ստորագրումը շատ է կարևորում և հույս ունի, որ այն փոխշահավետ կլինի կողմերի համար և թույլ կտա նպաստել փորձի փոխանակմանը, ռիսկերի համատեղ վերլուծությանը, համապատասխան կադրերի վերապատրաստմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում