Արցախի նախագահը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Times.am-ը ներկայացնում է Բ.Սահակյնաի խոսքն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,

Թանկագին վետերաններ,

 Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Այսօր տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար:  Տարիներ շարունակ արցախցին տոնում էր փետրվարի 23-ը, սակայն ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո այն մեզ համար ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն: Արցախյան ազատամարտի տարիներին կին թե տղամարդ, ծեր թե պատանի` բոլորը մեկ մարդու պես կանգնել էին հայրենիքի պաշտպանության դիրքերում, բոլորին իրավացիորեն կարելի էր կոչել հայրենիքի պաշտպան: Ուստի այս հիշարժան տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր եմ հղում համայն հայությանը` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում,  Զինված ուժերի ողջ անձնակազմին, եւ նախ եւ առաջ նրանց հարազատներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են, սերունդների հիշողության մեջ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր էլ հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգային շահերն ու բացառիկ արժեքները, որոնք երբեք եւ ոչ մի դեպքում չեն կարող լինել սակարկության առարկա: Մեր բանակը հզոր է ու մարտունակ եւ պատրաստ յուրաքանչյուր պահի իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր: Մենք այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի նա լավագույնս կատարի հայրենիքի պաշտպանի իր սուրբ առաքելությունը, անառիկ պահի Արցախի Հանրապետության սահմանները, միշտ լինի ուժեղ ու հաղթական:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` մեր հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդման ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում