Արցախի պատգամավորներն Ադրբեջանին առաջարկում են հրաժարվել ատելության քաղաքականությունից
Նմանատիպ
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները 2012թ. փետրվարի 23-ի լիագումար նիստում ընդունել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«24 տարի առաջ` 1988թ. փետրվարի 20–ին, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության և գործող օրենքների, նախկին Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը, հիմք ընդունելով ինքնավար մարզի հայ բնակչության կամքը, դիմեց Ադր. ԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմ ընդգրկելու հարցը:
Այդ օրինական կամարտահայտության պատասխանը եղավ դեպի Ստեփանակերտ Բարդայից և Աղդամից զինված ամբոխի ռազմերթը, որը մեծ դժվարությամբ կասեցվեց ԼՂԻՄ Ասկերան շրջկենտրոնի մատույցներում:
Շարունակելով Լեռնային Ղարաբաղի հայության և Ադրբեջանի հայաբնակ վայրերի ազգաբնակչության հանդեպ սարսափի քաղաքականությունը, 1988թ. փետրվարի 26-ից 29-ը Ադրբեջանի իշխանությունները կանխածրագրեցին և սառնասրտորեն իրականացրին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության սպանդը, որն ապացուցված է հազարավոր վկայություններով:
Նպատակ ունենալով քողարկել սեփական հանցավոր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնակչության ճակատագրի հանդեպ, Ադրբեջանի կառավարող վերնախավն արդեն 20 տարի շարունակ շահարկում է այսպես կոչված «Խոջալուի խաղաղ բնակչության ցեղասպանության» թեման:
Հիմք ընդունելով այդ իրադարձությունների բազմաթիվ ականատեսների վկայությունները, որոնք արձանագրված են ինչպես լրագրողների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչը հաստատվում է նաև որոշ ադրբեջանցի հեղինակների կողմից, և հանուն արդարացի ու ճշմարիտ փաստերի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները հայտարարում են.
– 1988թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի և չորս տարի անց` փետրվարի 26-27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների միակ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն ու նրանց դեմ ներքաղաքական կատաղի պայքար մղող ուժերն են:
– Վերահաստատելով մեր հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը, մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին հրաժարվել թշնամանքի և ատելության անհիմն ու անպատասխանատու քաղաքականությունից և ջանքերն ուղղել երկու հարևան պետությունների ու ժողովուրդների միջև հետագա խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում