Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հարցազրույցը` Allsport.am-ին

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հարցազրույցը` Allsport.am-ին

Հաշվի առնելով, որ մեր ընթերցողները մեծ ոգևորությամբ են ընդունում և քննարկում աշխարհահռչակ Goal.com կայքի հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանիի աշխատանքները’ վերջինիս գործունեության մասին Allsport.am-ը զրուցեց անձամբ Օմարի հետ:

-Հայ մարզասերների շրջանում բավականին հայտնի ես, Հայաստանում շատ են սիրում քո ծաղրանկարները: Իսկ դու որևէ բան գիտե՞ս Հայաստանի կամ հայկական ֆուտբոլի մասին:

-Ես շատ բան գիտեմ Հայաստանի մասին. Հայաստանն ունի շատ հարուստ -պատմություն՝ սկսած մարդու ծագման պահից: Համաշխարհային բանահյուսության, առասպելների և կերակրատեսակների մեծ մասը Հայաստանից է: Բացի այդ իմ երկրում՝ Հորդանանում, կան շատ հայկական համայնքներ, և ես այնտեղ ունեմ շատ ընկերներ:

Հայաստանյան ֆուտբոլի մասին քիչ տեղեկություն ունեմ: Ես միայն գիտեմ «Շախտյորի» աստղ Հենրիխ Մխիթարյանին և հայկական ծագումով մի քանի ֆրանսիացի խաղացողների’ Յուրի Ջորկաեֆին և Բողոսսյանին:

-Գիտենք, որ նախքան Goal.com–ում աշխատելը մուլտիպլիկատոր ես եղել հեռուստատեսության ոլորտում: Կպատմե՞ս’ ինչպես ստացվեց սպորտային կայքում աշխատանքի անցնելը:

-Իմ երազանքն է եղել աշխատել MAD ամսագրում՝ որպես ֆուտբոլի սպորտային ծաղրանկարիչ: Բայց քանի որ MAD-ը ավելի շատ ամերիկյան լսարանի համար էր, ովքեր կենտրոնացած չէին ֆուտբոլի վրա, ես որոշեցի փնտրել մեկ այլ մեդիա, որը ֆուտբոլի հանդեպ ունի նման սարկազմային հայացք, ինչպիսին Goal.com-ը:

Ես միշտ սիրել եմ նրանց հատկանիշներն ու հոդվածները, և տեսա, որ կարող եմ նրանց թիմում լինել: Այսպիսով, ես կապվեցի նրանց հետ և ցույց տվեցի որոշ նմուշներ: Սկզբում իմ աշխատանքները տպագրվում էին արաբական և կորեական հրապարակումներում, բայց մեկ տարի անց իմ ծաղրանկարները տեղադրվեցին Goal.com-ի բոլոր հրապարակումներում:

-Ունե՞ս ծաղրանկարներ, որ հատկապես սիրելի են քեզ համար:

-Բոլորն էլ սիրում եմ: Դժվար է ընտրել, թե դրանցից որն եմ շատ սիրում, քանի որ ամեն օր դրանք նկարելիս հավասարապես տալիս եմ իմ բոլոր ջանքերն ու կիրքը:

-Անգլիայի առաջնության վերաբերյալ քո ծաղրանկարները կարծես թե ավելի շատ են: Ինչո՞վ է դա պայմանավորված. Պրեմիեր լիգան շա՞տ է ոգեշնչում:

-Ես մեծապես կենտրոնանում եմ Եվրոպայի 4 լիգաների վրա, որոնք են իսպանականը, անգլիականը, գերմանականն ու իտալականը: Բայց ամենաշատը Պրեմիեր լիգայի վրա, որովհետև այն ամենամեծ լսարանն ու աջակիցներն ունի աշխարհում:

-Ունե՞ս քո սիրելի ֆուտբոլային ծաղրանկարային կերպարը:

-Անկասկած, ես սիրում եմ շատերին նկարել: Ամենաշատը նկարում եմ Վենգերին, Մեսսիին, Բեյլին, Ֆերգյուսոնին, Գալլիանիին և Իբրային: Ես սիրում եմ նկարել խաղացողներին ծիծաղելի հատկանիշներով, ինչպես՝ նրանց մազերը կամ քիթ:

-Սովորաբար որքա՞ն ժամանակ ես ծախսում մեկ աշխատանքի վրա:

-Դա կախված է ծաղրանկարի բարդությունից, բայց այն խլում է միջինը 2-4 ժամ:

-Կա՞ն այնպիսի թիմեր, որոնց վերաբերյալ ծաղրանկարներ չես պատրաստի:

-Ոչ, չկան: Կպատրաստեմ բոլորի վերաբերյալ, եթե բովանդակությունը չվնասի մարդկանց:

-Օմար, հաշվե՞լ ես’ որ թիմի վերաբերյալ ավելի շատ ծաղրանկարներ ունես

-Միգուցե, «Չելսի», ես կռահում եմ ՝ դա «Չելսին» է (ժպտում է-allsport.am): Բայց երբեք չեմ հաշվել, թե քանի հատ եմ նկարել:

-Իսկ չե՞ս էլ պատրաստվում, թե՞ շատ դժվար է այդքան հաշվելը:

– Գուցե, ապագայում, որովհետև, ինչպես ասում եք, շատ դժվար է:

-Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջիկա խաղերի վերաբերյալ նոր ծաղրանկարներ սպասե՞նք:

-Իհարկե: Չեմպիոնների լիգան աշխարհում ամենակարևոր մրցաշարերից է, հետևաբար ես պետք է նկարեմ դրա վերաբերյալ:

-Օմար, ի՞նչ կմաղթես Հայաստանում քո ծաղրանկարների սիրահարներին:

-Խաղաղություն և սեր Հայաստանում բոլորին: Միգուցե, մի օր ես կարողանամ այցելել այս քաղցր երկիրը և վայելել ժամանակը:

Նշենք, որ Օմարը խոստացավ Հայաստան այցելելիս առաջինը հյուրընկալվել Allsport.am-ի խմբագրությունում: Առաջիկայում  համատեղ գործունեության շրջանակներում կլինեն նաև ծաղրանկարներ հայ ֆուտբոլիստների վերաբերյալ:

Հարցազրույցի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

You can read this interview in English here

Զրուցեց Դիանա Ադամյանը
                 

Հետևեք մեզ նաև Telegram-ում